Արցախն աշխարհից կտրված չէ, բայց ընտրությունները չեն չեղարկվել
20.03.2020 | 02:12
Կորոնավիրուսն այս պահի դրությամբ պատճառ չէ, որ մարտի 31-ին հետաձգվեն Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: «Իրատեսի» հետ զրույցում Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՍՐԲՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ վստահեցրեց՝ աշխարհից, բնականաբար, կտրված չեն, ընտրությունների ժամանակ անպայման կանխարգելիչ միջոցառումներ իրականացվելու են:
«Ընտրությունների ձևաչափի հարցն է հիմա քննարկվում, ինչի մասին հայտարարությամբ հանդես կգանք: Այս պահի դրությամբ թե՛ քարոզարշավի, թե՛ հետագայում ընտրատեղամասերում սահմանափակումներ մտցնելու մասին որևէ որոշում չունենք, քանի որ, գիտեք, սահմանափակումները մտցվում են արտակարգ ռեժիմի սահմանման պարագայում»,- նշեց մեր զրուցակիցը:
Արցախի ԿԸՀ նախագահը մեզ տեղեկացրեց նաև, որ հայկական երկրորդ հանրապետությունում նախընտրական իրավիճակը նորմալ է, ընտրապայքարին հատուկ մթնոլորտ է, ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան կրքերը թեժանում են: Նրա փոխանցմամբ՝ թե՛ թեկնածուները, թե՛ նրանց նախընտրական շտաբներն ու կուսակցությունները, առհասարակ, վերանայել են իրենց աշխատաոճը. «Չնայած իրավական որևէ ռեժիմ սահմանված չէ, բայց, հենց մեր նախաձեռնությամբ ու ներքին պայմանավորվածությամբ, թեկնածուները խուսափում են փակ տարածքներում հանդիպումներից ու բազմամարդ հանդիպումներից»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ